Սաուդցիները կրակի հետ են խաղում
«2016-ի սկզբին հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրին և ահաբեկչության համար ևս 46 դատապարտյալների մահապատժի ենթարկելու որոշմամբ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը սադրում է ուժգին քաղաքական-կրոնական երկրաշարժ»,- Die Presse-ում գրում է Մարտին Գելենը: Նրա կարծիքով՝ կսրվեն Էր Ռիադի հարաբերությունները ոչ միայն հարևան շիա պետությունների, այլև Սաուդյան Արաբիայի շիա քաղաքացիների հետ: Սաուդյան Արաբիայի 3 միլիոն շիաներով բնակեցված արևելքում են կենտրոնացած գործնականում բոլոր նավթահանքերը, իսկ նրանք իրենց զգում են երկրորդ կարգի քաղաքացիներ: Նրանք չեն ստանում բարձր քաղաքական պաշտոններ, քիչ են վճարվում և չունեն կարիերայի աճի շանսեր: Զանգվածային մահապատիժը վկայում է՝ որքան են նյարդայնանում Սաուդյան Արաբիայի նոր ղեկավարները՝ Սալման թագավորը, արքայազն Մոհամեդ բին Նայեֆը և պաշտպանության նախարար Մոհամեդ բին Սալմանը (թագավորի որդին): Նյարդայնության հիմնական պատճառը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն է (Թեհրանի առաջ ամբողջ աշխարհն է բացում դռները), նաև՝ Սաուդյան Արաբիայի վիթխարի բյուջետային դեֆիցիտը՝ նավթի գների անկման պատճառով:
Շեյխ Նիմր ան Նիմրին սաուդյան շիաները համարում էին իրենց իրավունքների համար պայքարող մարտիկ, մարդ, որ իր խարիզմատիկ քարոզներով իրենց օժտել է ձայնով: Հոգևորականը ձերբակալվել է 2012-ին, իսկ 2014-ի հոկտեմբերին դատապարտվել է մահվան՝ կրոնական կոնֆլիկտներ հարուցելու մեղադրանքով, շարիաթի դատարանը նրան համարել է թագավորին չլսող:
Սուննի-շիա հակասությունների ևս մեկ կետ է սաուդցիների կոնֆլիկտը Եմենի հուսիտների հետ, որ ռիսկային ու թանկարժեք փակուղի է, որովհետև Եմենի տրոհումը և աղքատացումը օգուտ կտա նախ և առաջ Ալ Քաիդային ու ԻՊ-ին:
Die Presse, Մարտին ԳԵԼԵՆ
Ո՞վ է կորցրել Սաուդյան Արաբիան
Հարցը կարող է թվալ ժամանակից առաջ ընկած, բայց պետք է բարձրացնել թեկուզ կանխելու համար Սաուդյան Արաբիայի կորուստը՝ իբրև դաշնակցի, երբ սկսվում է նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման վերջին, վտանգավոր տարին՝ այսպես է սկսվում The Wall Street Journal-ի խմբագրականը: Իրանը և Ռուսաստանը շահագրգռված են Սաուդի արքայական տան փլուզմամբ և հիմա, գուցե, հաշվարկում են, թե ինչ կանի նախագահ Օբաման իրենց խանգարելու համար: Իրանը և նրա դաշնակիցները խիստ զայրացած էին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժով, նրանց թվում՝ շիական հայտնի հոգևորական Նիմր ան Նիմրի: Իրանն այլ պատճառներ էլ ունի Սաուդյան Արաբիայի իշխող համակարգը փոխելու, երկիր, որը Մերձավոր Արևելքում շիա-սուննի կոնֆլիկտում իր գլխավոր հակառակորդն է: Ի հավելումն՝ Սաուդյան Արաբիան ցածր է պահում նավթի գները, որը աննպաստ վիճակում է դնում Իրանին ու Ռուսաստանին: Ռուսաստանը և Իրանը վիթխարի օգուտներ կստանան Սաուդյան Արաբիայի ներքին խառնակություններից կամ առավել ծավալուն տարածաշրջանային պատերազմից, որը կհարուցի նավթի գների կտրուկ աճ: Նիմր ան Նիմրը չնչին չափով իսկ ակտիվիստ իրավապաշտպան չէր: Սաուդցիները հաճախ են իրենց պահում անհաշտ դաշնակիցների պես, հատկապես երբ հարուստ շեյխ վահաբիտները աջակցում են արմատական իսլամական մզկիթներին ու դպրոցներին ամբողջ աշխարհում: Բայց Մերձավոր Արևելքում, որ ջլատում են քաղաքացիական պատերազմները, քաղաքական ցնցումները և իրանական իմպերիալիզմը, սաուդցիները մեր լավագույն բարեկամներն են Արաբական թերակղզում: ԱՄՆ-ը պետք է հստակ հասկացնի Իրանին ու Ռուսաստանին, որ կպաշտպանի Սաուդյան Արաբիան Իրանի ապակայունացման փորձերից կամ տարածք ներխուժելուց:
The Wall Street Journal
Հ.Գ.
Անցած տարվա հայտնի կոնֆլիկտներին՝ ՈՒկրաինա, Սիրիա, այս տարեսկզբից ավելանում է Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը՝ վերստին Մերձավոր Արևելքում, և նորից միմյանց են բախվելու ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը: Ամենայն հավանականությամբ՝ Թեհրանը, դեռ պատժամիջոցներից չձերբազատված, չի սրի իրավիճակը ավելի, քան Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն է և զինված ներխուժում չի լինի Սաուդյան Արաբիայի տարածք, Ռուսաստանին առավել ևս նոր կոնֆլիկտ պետք չէ, թեև ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն Պուտինը ՌԴ պաշտպանական նոր դոկտրինում անվանել է սպառնալիք: Հարաբերական խաղաղությունն ամեն պահի կարող է հարաբերական պատերազմի վերաճել՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցող կոնֆլիկտների ու պատերազմների: Լավ ենք սկսում տարին, չէ՞: Իրավիճակը մեզ համար՝ մեր կոնֆլիկտի, մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Մի կողմից մեզ հանգիստ կթողնեն՝ իրենց գործերով զբաղված, մյուս կողմից՝ Ադրբեջանը կշարունակի կրակել, որ իրեն չմոռանան: Իսկ ամենակարևորը, որ Հայաստանը չներքաշվի պատերազմների մեջ, որ քայլ առ քայլ մոտենում են մեզ՝ քաղաքական, ռազմական ու աշխարհաքաղաքական կտրվածքներով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ